ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։
Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ժամը 9:00-ի դրությամբ՝ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնել է դեպարտամենտը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, հայտնել է ծառայությունը։