Շուշիում ձերբակալված և Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դեպքը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների նկատմամբ համակարգված թիրախավորումը, ասվում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) հրապարակած զեկույցում։
«Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով զեկույցը ներկայացնում է քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող հետապնդումները։
Զեկույցում շեշտվում է, որ Էուլջեքջյանը 44-ամյա քրիստոնյա հայ է, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է, Լիբանանի և Հայաստանի քաղաքացի: 2020 թվականին նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ բիզնես հիմնելու և ընտանիքի հետ այնտեղ նոր կյանք կառուցելու համար։
«Վիգենը հավատացյալ քրիստոնյա է, և ձեռքին խաչի դաջվածք ուներ, որն այրել և ջնջել են նրան ապօրինի կալանավորած ադրբեջանական ուժերը»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ CFTJ-ի կողմից բազմաթիվ փաստագրված տվյալներ կան, որ Բաքվում հայ գերիներից շատերին հարկադրել են հրաժարվել իրենց հավատքից կամ կրոնական խորհրդանիշների նկատմամբ բռնությամբ սպառնացել:
«Ադրբեջանն ունի հայերին առանց ապացույցների ձերբակալելու և շինծու մեղադրանքներ առաջադրելու հատկություն։ CFTJ-ի կողմից հավաքված վկայությունները բացահայտում են հայերին թիրախավորելու փաստերը, օրինակ՝ էթնիկ պատկանելությունը և հավատքը, ներառյալ՝ քրիստոնեական խորհրդանիշները խաթարելու կամ ոչնչացնելու սպառնալիքները, ինչպիսիք են խաչերը և Աստվածաշունչը»,- ասվում է զեկույցում։
Էուլջեջյանի գործով կենտրոնը դիմել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ հրատապ ընթացակարգով գործը քննելու համար, բայց դիմումն անպատասխան է մնացել։
2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի հրադադարի համաձայնագրի հաջորդ օրը, Վիգենը Շուշիում գերեվարվել էր ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից։ 2021 թվականի հունիսի 14-ին ապօրինաբար դատվել էր Բաքվի զինվորական դատարանի կողմից, մեղավոր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Վիգենին անօրինական մեղադրանք է առաջադրվել և դատվել է շինծու մեղադրանքներով՝ ռազմական հակամարտությանը որպես վարձկան մասնակցելու, ահաբեկչության և պետական սահմանը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հատելու համար:
Էուլջեքջյանի անունն ընդգրկված էր 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած վերադարձվող գերիների ցուցակում, սակայն բացակայում էր դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի հրապարակած վերջնական ցուցակից։ Նրա ընտանիքը որպես Հայաստան չվերադառնալու պատճառ՝ նշել էր վերջինիս առողջական վիճակի վատթարացումը և ԿԽՄԿ-ին կոչ արել տեղեկատվություն տրամադրել նրա վիճակի մասին։