ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։
«Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։ Ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, համախոհներին»,- գրել է Քոչարյանը։
Սարգսյանը նշել է, որ Իշխանյանի ցավն ու ցասումը լիովին արտահայտված էին նրա հրաժեշտի խոսքում:
«Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին: Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- գրել է ՀՀ երրորդ նախագահը։
Իշխանյանը մահացել էր փետրվարի 16-ի առավոտյան՝ 69 տարեկան հասակում։ Նրա հարազատները հայտնել էին, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։