Զբոսաշրջության կոմիտեն հերքել է հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ ներկայացնելու վերաբերյալ տարածված լուրերը։
Փետրվարի 8-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հյուրանոցատերերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց հյուրանոցները պետք է ունենան մուսուլմանների համար աղոթարաններ, հակառակ դեպքում՝ նրանք կզրկվեն լիցենզիայից։
«Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող հայտարարությունները, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը։ Հյուրանոցային տնտեսություններին նման պահանջ չի ներկայացվել»,- նշել են կոմիտեից։
Գերատեսչությունը հավելել է, որ Գևորգյանը փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ կայացած հանդիպման ընթացքում կոչ էր արել այն տնտեսվարողներին, ովքեր «ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ և այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում ապահովել զբոսաշրջիկներին նրանց սննդին ներկայացվող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ»։