Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանն իր աշխատակիցների համար նոր կանոններ է սահմանել՝ արգելելով նրանց վիրավորել իշխանություններին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Հանրային ռադիոյի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին»,- գրել է «Հրապարակ»-ը։
Կայքի տվյալներով՝ այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են ուշադիր կարդալ նոր պայմանագրերը և հետևողական լինել դրանք չխախտելու հարցում, «որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն»։
2024 թվականի փետրվարի 9-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել էր Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։
Փետրվարի 5-ին Խումարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռադիոկայանի հարցազրույցը «լավ ժուռնալիստիկա չէր»: Իր հայտարարության մեջ Խումարյանն ընդգծել էր, որ վարչապետի հետ հարցազրույցը «կարող էր շատ ավելի լավը լինել»։
Փետրվարի 6-ին խորհուրդը հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունն էթիկական և իրավական նորմերին։