Երևանի քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդպիսի որոշման վրա ազդել են քաղաքացիների քննադատություններն ու առաջարկությունները։ Նախկինում իշխանությունների առաջարկած միասնական տոմսային համակարգի շրջանակներում նվազագույն ուղեվարձը 300 դրամ էր։
«Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկությունները, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, և այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամ սակագինը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով։
Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ քաղաքապետարանը որոշել է մեկ ամսով երկարաձգել հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ տոմսերի փաթեթների ժամկետը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։