Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման՝ սուբլիմացիայի հետևանք, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ Շիրակի մարզում, Թալինի, Ալագյազի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:
Նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։