Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով անասնագոմ, հայտնաբերել է իրեն պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարների և գառների՝ սատկած վիճակում, հնարավոր է՝ գայլերի ոհմակի հարձակման հետևանքով, գրել է Shamshyan.com-ը։
«Սովորության համաձայն՝ առավոտյան այս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ։ Մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեր: Վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք այս գործով։ Հիմա չգիտենք՝ ում դիմել: Մոտ 400 մայրացու ոչխարներ ու գառներ կային, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են, որոնք չեն ապրի: Նման բան անգամ երազում չէի տեսնի»,- պատմել է նա։
Տուժած բնակիչն ստացած վնասը գնահատել է մի քանի միլիոն դրամ և հույս հայտնել, որ ընտանիքը կերակրելու և վարկերը փակելու համար պետությունից աջակցություն կստանա։
«Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, նաև կառավարությունն օգնության ձեռք կմեկնեն, մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա։ Բանկը գոնե 2 տարով վարկերը սառեցնի, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»,- ասել է նա։