Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան, տեղեկացնում են ՔԿ-ից:
Գերատեսչությունից հաղորդում են, որ 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանա տեսակի թմրամիջոց։
«Մասնավորապես, իրականացված քննութամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս իր կողմից շահագործվող տելեգրամյան 2 ալիքների միջոցով կապ է հաստատել թմրանյութերի առցանց վաճառքով զբաղվող տելեգրամյան խանութ-հարթակի՝ օգտատիրոջ հետ ու վերջինիս առաջարկել թմրանյութի գնորդներ ձեռք բերելու նպատակով գովազդել նրա էջը, ինչը հետագայում իրականացնել է սոցցանցային իր ալիքների միջոցով։ Այդկերպ երիտասարդը խանութ-հարթակի համար հավաքել է մեծ թվով հաճախորդներ, խթանել թմրանյութերի վաճառքը, ինչի դիմաց իր անձնական օգտագործման համար ստացել է տարբեր տեսակի թմրանյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև, նույն խանութ-հարթակի կողմից վաճառվող թմրանյութերը գովազդելու նպատակով, տելագրամյան իր ալքիների և դրանց զրուցարանի միջոցով կազմակերպել է խաղարկություններ, ինչի դիմաց կրկին թմրանյութեր է ձեռք բերել: Բացի այդ, երիտասարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել զգալի չափերով մեթամֆետամին տեսակի թմրանյութ, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ
Ըստ ՔԿ-ի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով): Որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
«Ձեռնարկվում են քննչական-վարութային ահրաժեշտ միջոցառումներ թմրանյութերի ապօրինի շրջանառության նշված շղթայում ներգրավված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։