Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափովել է հիվանդանոց, հայտնում է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,- գրել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ երեկ առավոտյան՝ «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 9-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ կալանքն իրավական հիմք չունի, քանի որ Գալեյանն առողջական խնդիրներ ունի։
Գալեյանի դեմ սեպտեմբերի 8-ին քրեական գործ էր հարուցվել։ Գալեյանը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19.30-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցից։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Գալեյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված պարունակող երեք փաթեթ։ Ոստիկանության դատաբժշկական կենտրոնում հաստատել էին, որ հայտնաբերված նյութը մարիխուանա է։