Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն Արմենպրեսում ասուլիսին ամփոփելով 2023 թվականը՝ պատմել է Գույքի գրանցման Էլեկտրոնային գործընթացի մասին։
Նա պարզաբանել է, որ օրենսդրությունը պարզեցրել է գույքի գրանցման գործընթացը, գրանցումը տեղի է ունենալու առցանց տարբերակով։
«Գույքի գրանցման օրենքի մեջ կատարված փոփոխություններով՝ որոշակի առումով հեշտացվել է գրանցման գործընթացի ամբողջ պրոցեսները։ Այսպես մենք միավորեցինք, նոր հասցեի դիմումի և նոր հասցե ներկայացնելու պահանջը վերացրեցինք։ Եթե այն ժամանակ համայնքային կամ որևէ պետական հողի օտարումը և այդ հասցեի որոշումը պարտադիր պահանջ էր, որ հասցե ստանային, գային Կադաստրի կոմիտե առանձին գրանցելու, այնուհետև նոր սեփականատերը ձեռք բերելուց հետո պետք է գրանցեր և վերամիավորման ժամանակ պետք է կրկին հասցեի որոշում ներկայացվեր, հիմա այդ 3 քայլանի գործընթացը դարձրել ենք մեկը։ Հենց մեկ դիմումու և՛ բաժանումը, և՛ միավորումն արդեն հնարավոր է դարձել գրանցել»,- նշել է Սուրեն Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ կառավարության որոշմամբ էլեկտրոնային համակարգը նախատեսվում է մինչև 2024 թվականի մարտ ամիսը ներդնել։ Սա, Թովմասյանի խոսքով, նաև քաղաքացուն ազատում է դիմումները մի քանի մարմին ուղարկելուց, տանել-բերելուց։
«Նախկինում եթե քաղաքացին պետք է ստանար որևէ փաստաթուղթ, դա բերեր ներկայացներ Կադաստրի կոմիտե, որպեսզի տեղեկացված լիներ, կամ պետական մարմինը պետք է ուղարկեր փոստով, որը կարող էր տևել մի քանի օր, այս պարագայում արդեն էլեկտրոնային համակարգով անմիջապես մուտք է լինելու, և այդ պահին Կադաստրի կոմիտեն տեղեկացված է լինելու»,- ընդգծել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Սուրեն Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ իրավաբանական անձանց՝ պետության և համայնքի յուրաքանչյուր դիմում այլևս Կադաստրի կոմիտեի որևէ գրասենյակում դիմում գրելու հնարավորություն չկա։
«Համապատասխանաբար, իրավաբանական անձինք համայնքը՝ և պետությունը, Կադաստրի կոմիտե դիմում կարող են ներկայացնել բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշել է նա։
Թովմասյանի խոսքով՝ նաև գործում է Կադաստրի կոմիտեի ծառայությունների բջջային հավելված, որով հնարավորություն կա դիմումներ ներկայացնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։