Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ 40 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Հայաստան այն քաղաքացիների համար, ովքեր ստիպված լքել էին Լեռնային Ղարաբաղը:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և դրա կազմում են սննդամթերք, վերմակներ, շարժական էլեկտրակայան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ Ռուսաստանի կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանի կարիքները, առաջիկա օրերին 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։