Մայիսի 26-ին՝ ժամը 20։00-ին․ Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Համերգը կազմակերպվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական «Նոր վիրտուոզներ» ընկերության և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ընկերներ» միության աջակցությամբ»,- ասված է հայտարարությունում։
Համերգին ելույթով հանդես կգա «Հայկական դաշնամուրի եռյակը»՝ Դավիթ Հարությունյանը (ջութակ), Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։ Համերգի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Յոհաննես Բրամսի և Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունները։
Դեսպանությունից տեղեկացնում են նաև, որ համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://www.billetweb.fr/nouveaux-virtuoses10։