Երևանում քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ երեխա են ունեցել։ Այս մասին հայտնում է Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։
«Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։ Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների՝ Մարգարի և Նարեի ծնունդով»,- ասված է գրառման մեջ։
Փոքրիկներին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են հրաշքների ծնունդի համար:
«Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»,- նշված է հաղորդագրությունում։