Hեռուստաաստղ Քիմ Քարդաշյանn Ինստագրամի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային` խնդրելով աղոթել Հայաստանի համար:
Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսվել է Ջեք Քարդաշյանի գրառմամբ, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար:
«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
