«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդկանի պտուղը մահացած է ծնվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ԲԿ–ի մամուլի ծառայությունից՝ պարզաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը 26-ամյա ծննդկանի նորածին երեխան մահացել է:
Միևնույն ժամանակ՝ հիվանդանոցի մամուլի կենտրոնից փոխանցեցին, որ կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել:
«Կինը դիմել է ծննդատուն՝ գանգատով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Կեսարյան հատման եղանակով կատարվել է ծննդալուծում, և պտուղն արդեն մահացած է եղել: Հղիությունը 36 շաբաթական է եղել»,- մանրամասնեցին ԲԿ-ից:
Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:
Արդեն տեղում Սահակ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է: