ԱԱԾ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիության ընթացակարգը բարդացնելու նախագիծ: «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է ազգությամբ հայ անձին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Նախագծի մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ԱԱԾ-ի՝ վերջին տարիներին կատարած մեծաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիություն հայցողների ստվար զանգվածը երբևէ չի եղել Հայաստանում կամ ժամանել է հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով: Շատերը տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն:
Որոշ դեպքերում արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:
ԱԱԾ-ն նշում է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում սահմանափակ ռեսուրսներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կենսագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատության անհրաժեշտ խոր և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ անիրատեսական է դառնում: