Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, կբացահայտեն իրենց կոլաբորացիոնիստ տեսակը։ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նման տեակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նրա խոսքով՝ ցավոք, այսօր հայկական պետականությունը ղեկավարում է հենց այդ տեսակը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։
Պատգամավորի պնդմամբ՝ համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ, արցախահայության ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, հայ մարդու արժանապատվությունը սակարկելի չէ։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացրել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։ Նրանք քայլերթով շարժել են նաև Կառավարության շենքի մոտ՝ այստեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելով։