Արդեն երկրորդ օրն է, ինչ Կառավարության դիմաց մսավաճառները ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ մտած կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Ակցիա իրականացնողները տեղեկացրեցին, որ անասնատերերից մի քանիսն այս պահին ՍԱՊԾ-ում հանդիպում են պաշտոնատար անձանց հետ։ Նրանք հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան։
Մասնակիցները վստահեցնում են, որ օրենքը կհանգեցնի արտագաղթի, քանզի ընդունողները չեն եղել գյուղում, հաշվի չեն առել գյուղացու կարծիքը, չգիտեն պայմանները, հետևաբար լավագույն ելքը ժամանակ տալն է ՝ սպանդանոց կառուցելու համար։
«2019 թվականի վերջից բոլորս խուճապի մեջ ենք եղել։ Ժամանակ տվե՛ք սպանդանոց կառուցելու համար»,- նշում են ակցիայի մասնակիցները, վստահեցնելով, որ դրսից բերած գումարները ներդրել են գործի մեջ, բայց արդյունքում եկամուտ չեն ունեցել։
«Անասնապահին պետք է տան այնքան աշխատավարձ, որ աշխատի, ոչ թե 150 հոգու վերհսկողի աշխատավարձ տան»,-ընդգծել է մասնակիցներից մյուսը, փաստելով, որ մինի սպանդանոց կառուցելու միջոցներ չկան։
«Գյուղացին, եթե կանգնի ոտքի, քաղաքացին սոված կմնա»,-նշել է մասնակիցներից մյուսը, հավելելով, որ նման օրենքը միայն թալանելու է գյուղացուն և ինքը շարունակելու է մորթն իրականացնել իր բակում։
Ակցիայի մասնակիցները վստահեցրել են, որ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում ակցիան կշարունակեն երկուշաբթի օրը ևս։