Ասում եք՝ Գոգենը հայ ծնվեր, Մինասի պես կնկարե՞ր։ Դժվար թե Գոգենը հայ ծնվեր, իսկ Մինասը՝ ֆրանսիացի, քանի որ նրանք արդեն Մինասն ու Գոգենը չէին լինի։ Եվ չարժե, այո՛, և չի կարելի համեմատել արվեստագետներին, հատկապես, եթե նրանք բոլորը երևույթներ են: Մինասը ծնվել է հայ, դրա համար էլ դարձել է Մինաս՝ մարմին Ջաջուռի, Շիրակի, Հայաստանի։
Հուլիսի 20-ին է ծնվել հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը: Մինասը համեմատաբար ուշ է զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարվել է Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։
«Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
Գույների կախարդի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ 500 մեծ ու փոքր կտավներ, մոտավորապես նույնքան գծանկար, 20 մեծածավալ որմնանկարներ, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Մի անգամ մի առիթով Մեծն Վազգեն Կաթողիկոսն ասաց, որ ընտրյալներին Աստված իր մոտ է կանչում մյուսներից շուտ, և Մինաս Ավետիսյանը դրա վառ ապացույցն է։
1972–ի հունվարի 1-ին աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով՝ մոտ 300 աշխատանք։ Այդ թվում հարյուրից ավելի ավարտված նկարներ, որ նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Նկարիչը 1975 թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և գիտակցության չգալով՝ փետրվարի 23-ին մահացել։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղ՝ Մինասի թանգարան։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։
Մինասի Էներգետիկայի մասին մինչ օրս լեգենդներ են պտտվում, թեև ավելի ու ավելի քիչ են դառնում նրանք, ովքեր երջանկություն են ունեցել շփվել նրա հետ գիտակից տարիքում:
«Երբևէ հետևե՞լ եք սարերում գիշերային խարույկի մեջ չոբանի դեմքին: Փորձեք, եթե հնարավորություն կլինի, այստեղից կսկսեք հասկանալ ամենակարևորը: Եվ Մինասին՝ այդ թվում»։