Ցավոք, մեզ դեռ չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը՝ «սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրուցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի իր կյանքն ու առօրյան դասավորի այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և ուրիշներին չվարակի։
Վարչապետը նշեց, որ երեկ արձանագրվել է 515 նոր դեպք և այս վիճակագրության բերումով անխուսափելորեն ունենալու ենք 10 մահ։
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս դրական վիճակագրությունը լրացնելով, ինչ-որ մեկին դատապարտում է մահվան։ Մեզնից յուրաքանչյուրը մահվան վիճակարգրությունը կարող է նվազեցնել չվարակվելով ու չվարակելով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այսօրվա դրությամբ՝ ունենք 10900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում, նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակն առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։
«Նախկինում տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների մահերի վիճակագրությունը, ընդհանուր առմամբ, բարվոք է, ցավոք սրտի, պիտի հայտնեմ, որ հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատությամբ, ունեցել ենք 30 տոկոսով ավելի շատ մահացություն, որը ոչ ամբողջությամբ է պայմանավորված կորոնավիրուսով, բայց համավարակը դրան նպաստում է»,- ասաց վարչապետը։
Խոսելով այս հարցում մեր ռազմավարության մասին՝ վարչապետը նշեց, որ շարունակում են հիմնական շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության վրա։
«Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար, ընդ որում 2166-ը դիմակներ չկրելու համար, խոսքը հետիոտների մասին է։ Նկատում ենք նաև, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 վարչական արձանագրություն է կազմվել այս մասով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այսօրվա մեր վիճակն ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի առաջնահերթություն և մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ինչ է անում, որպեսզի վարակի տարածումը կանխի։
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/781049149348392