Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում բռնկված հրդեհները սպառնալիք են ներկայացնում հայկական պատմամշակութային ժառանգության համար, հայտնել է Արցախի մշակույթի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Արցախի արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ, Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։
«Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ»,- հայտնել է նախարարությունը։
Գերատեսչության համոզմամբ՝ Ադրբեջանն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն՝ պարտավոր է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։ Իսկ միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները, ըստ նախարարության, իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Հուլիսի 23-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Արցախի մի շարք շրջաններում բռնկված հրդեհների մասին։ Հուլիսի 26-ին հայտնել էինք, որ Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ։