2025 թվականի հուլիսի 23-ից սկսած՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կկարողանան այցելել Արցախ ինչպես անձնական տրանսպորտային միջոցներով, այնպես էլ զբոսաշրջային խմբերի կազմում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում, հայտնում են ադբեջանական լրատվամիջոցները։
«Այս հնարավորությունը վերաբերում է մինչև 90 օր Ադրբեջան ժամանած օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց։ Անձնական տրանսպորտային միջոցներով ճանապարհորդել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները կկարողանան թույլտվություն ստանալ «Յոլումուզ Քարաբաղա» պորտալի միջոցով»,- ասվում է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Պետական զբոսաշրջության գործակալության համատեղ հայտարարության մեջ։
Օկուպացված Արցախում հուլիսի 19-ին ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ալիևը խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը:
Հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել էր Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը։