Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատական» նիստի ընթացքում երեք միջնորդություն է ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ նա միջնորդել է իր փաստաբան Աբրահամ Բերմանին հնարավորություն տալ ծանոթանալու նիստերի արձանագրություններին նաև առանց Վարդանյանի անձնական մասնակցության, իրեն հնարավորություն տալ առանձին հանդիպել փաստաբանի հետ, ինչպես նաև քաղվածքներ տրամադրել դատավարության 6 ամսվա ընթացքում դատարանի կողմից կայացված միջնորդությունների վերաբերյալ բոլոր որոշումներից։
Նշվում է, որ դատարանը բավարարել է առաջին երկու միջնորդությունները, վերջինիս վերաբերյալ դատավորը հայտնել է, որ այդ նյութերի մի մասն արդեն փոխանցվել է պաշտպանական կողմին և խոստացել է տրամադրել նաև մնացածը: Բացի այդ, նիստի ընթացքում լսել են «տուժողների» պատմությունները։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Հուլիսի 15-ին «Հրապարակը» գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջնորդելու Վարդանյանին ազատ արձակելու համար։
Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները: Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։