Շուշին եղել է, կա և լինելու է հայկական, ասված է Արցախի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ:
«1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը կերտեց իր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Ազատագրվեց Շուշին՝ Արցախի սիրտն ու հոգին, մի քաղաք, որն առասպել էր դարձել իր անառիկությամբ ու խորհրդանշական կարևորությամբ։ Հայ զինվորը, Արցախի ու Հայաստանի հերոսները, Հայոց բանակը՝ դեռ ձևավորման ճանապարհին, համատեղ գործեցին մի աներևակայելի սխրանք՝ փառքով ազատագրելով Շուշին»,- նշել է կոմիտեն Մայիսի 9-ի առթիվ իր ուղերձում:
Կոմիտեն, սակայն, արձանագրել է՝ ավելի քան 30 տարի անց՝ «Շուշին այլևս մերը չէ»։
«Մենք կորցրել ենք ոչ միայն մի քաղաք, այլև ազգային արժանապատվության, մարտունակության և հաղթանակի խորհրդանիշը։ Շուշիի կորուստն արթնացնում է ոչ միայն վիշտ, այլև պատասխանատվություն»,- ասված է հայտարարության մեջ։
Կառույցը պնդել է՝ քանի դեռ չի վերականգնվել արդարությունը, և Արցախի ժողովուրդը չունի իր անվտանգ ու ինքնիշխան ապագան, «չենք լռելու», և պայքարը շարունակվում է։
Արցախի պահպանության կոմիտեն խահանջով է դիմել բոլոր հայ քաղաքական ուժերին, պետական ու սփյուռքի կառույցներին՝ վերանայել իրենց մոտեցումներն ու որդեգրել ազգային շահից բխող հստակ դիրքորոշում՝ ուղղված Շուշիի և Արցախի ամբողջական վերադարձին։
33 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 8-ին, Շուշին ազատագրվել էր։ Տասնամյակներ շարունակ այս օրը հայ ժողովուրդը նշում է ադրբեջանական օկուպացիայից Արցախի ազատագրման, ինչպես նաև Ստեփանակերտի պաշարման ավարտի տարեդարձը։ Հենց այս իրադարձություններն էին հանգեցրել Արցախի շրջափակման ճեղքմանը և դարձել պատերազմի արդարացի ավարտի շրջադարձային կետ։ Մայիսի 8-ը համարվում է նաև Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական տոնը և նրա կազմավորման օրը։
Կարդացեք նաև՝ Շուշիի ազատագրման 33-ամյակը