ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա այս մասին նշել է՝ մեկնաբանելով լրատվամիջոցի տեղեկությունը, որ Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Ըստ թերթի՝ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր «Արցախբանկում»։
Ռոման Երիցյանը «մտածացին ու ոչ իրական» է անվանել ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի չորրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու մասին տեղեկությունները։
Փաստաբանը մանրամասնել է, որ Արցախի նախագահի հանձնարարությամբ կատարել է փաստաբանական հարցումներ, իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ՝ տվյալ գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։
Երիցյանը հրապարակել է ՀՀ կադաստրի կոմիտեից ստացած պատասխանը, ըստ որի՝ ներկայացուցչության շենքի նկատմամբ «գրավի իրավունք գրանցված չէ»։
«ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- նշել է նա։