Հայաստանյան հանրությունը, ընդհանուր առմամբ, հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ այդ մասին վկայում այն հանգամանքը, որ արցախցիների մասին որոշ հայտարարություններ հասարակության կողմից քննադատության ենթարկվեցին, իսկ դրանց հեղինակները կա՛մ ներողություն խնդրեցին, կա՛մ վերախմբագրեցին իրենց ասածները։
«ԱԺ նախագահը (Ալեն Սիմոնյան-խմբ․) իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված խմբագրեց իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված ինչ-որ արդարացումներ մոգոնեց, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված ներողություն խնդրեց։ Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի»,- ասել է Ստեփանյանը։
Նա արցախցիներին կոչ է արել երբեք չընդհանրացնել և ջուր չլցնել ատելություն գեներացնողների ջրաղացին։
«Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներով փորձեն տարանջատել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզմանը, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն»,- հավելել է նա։
ԱՀ ՄԻՊ-ը փետրվարին արձագանքել էր Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «պետք էր մնալ Արցախում և կռվել»՝ այն որակելով «տիեզերական մակարդակի ստորություն»։