Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ գերատեսչությունը դեսպանին «վճռական» բողոք է հայտնել՝ կապված Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից Հայաստան կատարած այցի ժամանակ սոցցանցերում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի դրոշը հրապարակելու հետ։
Նշվում է, որ դրա համար Բաքուն գերմանական կողմից հրապարակային ներողություն է պահանջել։ Գերմանիայի նախագահի հրապարակումն այս պահին անհասանելի է։
Գերմանիայի նախագահն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նա հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապրիլի 1-ին նա կմեկնի Ադրբեջան։ Շտայնմայերի պատվիրակության՝ Հայաստան այցի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստորագրել էին ֆինանսական համագործակցության համաձայնագիր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերմանիայի նախագահն աջակցություն էր հայտնել Հայաստանի խաղաղության օրակարգին։