Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ԼՂ ընկերությունները չեն կարող խուսափել վարկային, գրավի պարտավորություններից, որոնք ունեն ՀՀ-ում գրանցված ֆինանսական կազմակերպություններում, փետրվարի 26-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ԿԲ նախագահ Արմեն Նուրբեկյանը։ Նա հստակեցրել է, որ խոսքը 30-40 խոշոր ընկերության մասին է, որոնք ՀՀ-ում գրանցված կազմակերպություններում պարտավորություններ ունեն։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով։
««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում՝ անկախ վերոնշյալ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից։ Բացառություն են դեպքերը, երբ գրավառուի՝ պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որևէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով և չափով վերականգնվել են (փոխհատուցվել են)»,- ասված է նախագծում։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ՀՀ-ում չգրանցված ընկերություն լինելու հանգամանքը չի կարող պատասխանատվությունից և պարտավորություններից խուսափելու հիմք հանդիսանալ։
«Այն կանոնակարգումները, որոնք նախատեսել ենք, նպատակ են հետապնդում ապահովել անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին ՀՀ-ում։ Նպատակն այն է, որպեսզի նրանք կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ, կանոնակարգումները որևիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որևէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետև իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարևոր նախաձեռնություն է, և մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ՀՀ-ում չգրանցվելը չի կարող պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու հիմք հանդիսանալ»,- մանրամասնեց Վարդանյանը։
Նուրբեկյանը հավելեց, որ նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի կառավարությանը հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաև զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետևանքների ազդեցությունից:
Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Տես նաև Armenia Today-ի՝ «Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում» ռեպորտաժը։