«Հայորդի» բարեգործական հիմնադրամը աշխատանք կտրամադրի Արցախի օրհներգի հեղինակ, դաշնակահար Կարեն Նասիբյանի որդուն, որը 2023 թվականին բռնի տեղահանվելով Հայաստան՝ հայտնվել է սոցիալական ծանր վիճակում և այժմ ապրում է Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում, հայտնել է հիմնադրամը Facebook-ում։
Նասիբյանը կաշխատի «Հայորդի» երաժշտական անսամբլում որպես նվագակցող, որտեղ շուտով անվճար կսովորեն հիմնադրամի շահառու երեխաները։ Նասիբյանը հիմնադրամից նույնպես աշխատավարձ կստանա։ «Հայորդին» կազմակերպում է զոհված զինվորների երեխաների համար ճամբարներ, ինչպես նաև իրականացնում է բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր:
Նասիբյանի վարձավճարը մինչև տարեվերջ հոգալու է հիմնադրամը։ Առաջիկա օրերին դաշնակահարը կտեղափոխվի նոր բնակարան՝ բոլոր հարմարություններով, ասվում է հաղորդագրության մեջ։
Նասիբյանը, որն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 28 տարի դաշնամուր է դասավանդել Արցախում, երգել պետական երգչախմբում, հյուրախաղերով հանդես եկել Բարսելոնայում և մրցանակներով վերադարձել հայրենիք։ Սակայն Դիլիջանում նա աշխատանք չի գտել, քանի որ ըստ իրեն՝ տեղացիները նախընտրում են իրենց ծանոթներին։
«Ստեղ իրենք իրենց ծանոթ դասատուների մոտ են գնում, ես անծանոթ եմ ու հեռու տեղից եկած, ովա ճանաչում որ գործ տա»,- նշել է նա։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը փետրվարի 22-ին հայտնել էր Նասիբյանի իրավիճակի մասին։ Դաշնակահարը հայտնել էր, որ Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում ապաստան գտած արցախցի փախստականներն արդեն 10 օր է՝ ապրում են առանց գազի, լույսի և ջրի։ Շենքի պատասխանատուները հարևան շենքից էլեկտրական լար են միացրել, որպեսզի հնարավոր լինի գոնե ջուր տաքացնել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Նասիբյանին պատասխանել են, որ եթե ազատ տարածք լինի, նրան կտեղափոխեն Երևանի հանրակացարան։
«Ինչ էկել եմ էստեղ՝ մի լավ բան չեմ զգացել, հոգիս չի հանգստացել, ուրախ չեմ որ ապրում եմ»,- ասել է դաշնակահարը՝ հավելելով, որ Ստեփանակերտից գնալուց առաջ նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել։
Teach For Armenia-ի «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագրի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը, ով նույնպես ստիպված էր լքել Արցախը 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո, մեկնաբանել է Նասիբյանի իրավիճակը և զգուշացրել, որ ապրիլից փողոցում հայտնված արցախցիների թիվը զգալիորեն կավելանա։ Նա հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ այս տարվանից տեղահանվածների մեծ մասն այլևս չի ստանա 50 հազար դրամի չափով դրամական օգնություն։
«Մենք դեռ հեչ, աշխատում ենք, պետք եղած դեպքում 2-3 տեղ, որպեսզի ծայրը ծայրին հասցնենք: Բայց ի՞նչ վիճակում են հայտնվելու օրինակ գործազուրկ տատիկ պապիկները»,- գրել է նա։
Գաբրիելյանը կոչ է արել համակարգային մոտեցում ցուցաբերել խնդրի լուծմանը և զգուշացրել չսահմանափակել օգնությունը միայն որոշակի անձանց համար։
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում անշարժ գույք ունեցող 4899 արցախցի հարկադիր տեղահանվածներ այլևս չեն ստանում «40+10» ծրագրով նախատեսված 10 հազար դրամը (40 հազար դրամ բնակարանի վարձի փոխհատուցման և 10 հազար դրամ կոմունալ վարձերի փոխհատուցման համար): Վճարումների չափը 2025 թվականի հունվարից մարտ 50 հազար դրամ է, 2025 թվականի ապրիլից հունիս՝ 40 հազար դրամ, սակայն 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր վճարումը կնվազի մինչև 30 հազար դրամ։
Վճարը կշարունակեն ստանալ մինչև 18 տարեկան երեխաները կամ 18 տարին լրացած հանրակրթական կամ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները (այժմ նրանց թիվը մոտ 33 000 է), 63 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները (մոտ 18 000 մարդ), ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող քաղաքացիները (առաջին և հաշմանդամություն ունեցող անձինք, 6 000 անձ): Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ նվազեցնելու Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների օգնության ծրագիրը, չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների կողմից։
2024 թվականի ընթացքում Armenia Today-ը զրուցել էր տեղահանվածների, պետական պաշտոնյաների, գործատուների և հասարակական գործիչների հետ՝ հասկանալու, թե ինչ փուլում է արցախցիների ինտեգրման գործընթացը տեղահանությունից հետո։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն