Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր գործով այսօրվա «դատական» նիստում Վարդանյանը հայտարարել է, որ իր իրավունքները կպաշտպանի փաստաբան Ավրաամ Բերմանը։
Վարդանյանի նկատմամբ առաջադրված «մեղադրական եզրակացության» ընթերցման ժամանակ, ի թիվս այլ մեղադրանքների, ասվում էր, որ նա «անձնապես մշակված գործողությունների ծրագրով հանդես է եկել «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն սկսելու նախաձեռնությամբ՝ օտարերկրյա երկրներում Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կատարելուն ուղղված։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։