Ստեփանակերտի ավագանու անդամ Սամվել Մինասյանին անհիմն արգելել են մեկնել երկրից ու մի քանի ժամ պահել օդանավակայանում, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի՝ նրա նկատմամբ դատարանը վերացրել էր բացակայելու արգելքի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նա փախստականի կարգավիճակով պայմանավորված՝ ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը կարգավորելու համար։
«Եվ ահա այսօր, դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ Փաստացի զրկում են ազատությունից»,- գրել է պաշտպանը։
Մելիքյանը դա որակել է «արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը»։
Փաստաբանը նշել է, որ զանգել են ՄԻՊ, որտեղից ասել են՝ ոչ աշխատանքային օր է, վաղը զանգեք։
Մինասյանն անցնում է «Ստեփանակերտի գործով»։ Դատարանը հունվարի 29-ի նիստում վերացրել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված չբացակայելու արգելքը։
Սարգսյանը ձերբակալվել էր 2024-ի մայիսի 25-ին, իսկ մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
2024 թվականի հունիսի 13-ին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը: Դեկտեմբերի 24-ին նրա նկատմամբ «ծանրացնող հանգամանքներով խարդախության» մեղադրանքը փոխվել էր «ինքնիրավչության» մեղադրանքի։