Կառավարությունը վերանայել է բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող պետական աջակցության պայմանները (40 հազար դրամ բնակարանի վարձի փոխհատուցում և 10 հազար դրամ՝ կոմունալ վարձերի փոխհատուցում) և այն կվճարի միայն բնակչության անապահով խավին դասվող անձանց։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։
Ըստ նախագծի՝ հատկացվող գումարի չափն աստիճանաբար կնվազի՝ 2025 թվականի հունվարից մարտ կկազմի 50 հազար դրամ, ապրիլից հունիս՝ 40 հազար դրամ, իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր՝ 30 հազար դրամ։
ՀՀ-ում անշարժ գույք ունեցող 4899 ախցախցիներ հունվարի 1-ից այլևս չեն ստանա 40+10 ծրագրով նախատեսված 10 000 դրամը, ապրիլի 1-ից աջակցություն կստանան խոցելի հետևյալ խմբերին դասվող անձինք՝
– մինչև 18 տարեկանները կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 000 մարդ),
– 63 և ավելի տարեկան անձինք (շուրջ 18 000 մարդ),
– կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2600 մարդ):
Իշխանություններն այս որոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ հունիսից գործարկել են պետական աջակցությամբ բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագիր։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ, ըստ իշխանությունների, տարեսկզբից ավելի քան 25 հազար մարդ (զգալի մասը՝ 18-63 տարեկան) աշխատանք է գտել կամ սկսել է սեփական բիզնեսը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ նշել է, որ իր կարծիքով՝ ծրագրի փոփոխությունն ի նպաստ քաղաքացու է, և ենթադրում է, որ բռնի տեղահանվածները հետզհետե պետք է ինքնուրույն հոգան ընտանիքի ծախսերը։
«Մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։ Իհարկե, մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սոցիալական խմբերի աջակցում ենք և եթե ուշադրություն դարձրիք, մենք, ըստ էության, պայմանական ասված՝ աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ աշխատեն և կարիքները հոգան»,- ասել է Փաշինյանը։
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Արցախից բռնի տաղահանվածներին 13 ամիսների ընթացքում ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամի աջակցություն են տրամադրել։
«Կան որոշակի միջազգային կազմակերպությունների աջակցություններ, սակայն 90 և ավելի տոկոս գումարը պետական բյուջեից է»,- ասել է նա։
Մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։
Մկրտչյանը փետրվարի 28-ին հայտնել էր, որ աջակցության ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովության հնարավորություն չի տրվել։ Հոկտեմբերից փետրվար յուրաքանչյուր արցախցու բնակարանների և կոմունալ վճարումների համար 40 և 10 հազար դրամի չափով աջակցություն է տրվել։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։