ՀՀ իշխանությունները 070 ծածկագրով անձնագրերի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ 070 ծածկագրով անձնագրերը և ժամանակավոր պաշտպանության վկայականը վավեր են Հայաստանից մեկնելիս միայն համատեղ օգտագործման դեպքում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս շարունակում է արդիական մնալ, շարունակվում է նաև վկայականի ստացման դիմումների ընդունումը, նախագծով նախատեսվում է N 1864-Ն որոշմամբ Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Միաժամանակ, կա դրույթ, համաձայն որի ժամանակավոր պաշտպանության վկայականի վավերականության ժամկետը նախատեսվում է նշել հատուկ համարով, ինչը հնարավորություն կտա երկարացնել փաստաթղթի գործողության ժամկետը՝ առանց նոր վկայական տպելու, ինչը կնվազեցնի ծախսերը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու մասին որոշմանը։ ԼՂ-ից շուրջ 3 հազար տեղահանված անձ ստացել էր ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ նրանց ընդհանուր թվի 3%-ից պակասը։ Օգոստոսի դրությամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացրել շուրջ 4300 տեղահանված անձ։