Ռուս խաղաղապահները հակամարտության գոտում են այն կարգավորելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան այսպես է պատասխանել հարցին, թե Մոսկվան Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում կաջակցի՞ Հայաստանին։
«Որպեսզի դա չլինի, կարգավորման գոտում են գտնվում ռուս խաղաղապահները։ Հենց դրա համար է Ռուսաստանը կատարում իր միջնորդական դերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են»,- ամփոփել է նա։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը՝ երեք վիրավորի մասին։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։