Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը հայտարարել է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին, հայտնում է «Արցախպրեսը»։
«Պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին։ Չափազանց ծանր են կորուստների վերքերը»,-Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ժողովի ասել է Բորդովը։
Ալեքսանդր Բորդովն իր խոսքում նշել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է հայտնվել և միայն արցախցիներին բնորոշ ոգու ուժն ու տոկունությունն են թույլ տալիս պատվով հաղթահարել այս ամիսների փորձությունները։
«Բնականաբար, մենք հիշում ենք, որ մեր պապերի ու հայրերի համար նույնպես հեշտ չի եղել, քանի որ ղարաբաղյան սուրբ հողի ողջ պատմությունը ազատության, կյանքի, նախնիների հողում ապրելու իրավունքի պայքար է»,- ասել է նա։
Ռուսական համայնքի ղեկավարը պատմական անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին՝ այդ համատեքստում նաև Արցախում ռուսական ներկայության պատմությանը։ Բորդովի խոսքով՝ հարյուրամյակների ընթացքում հայերն ու ռուսներն ստեղծել են հոգևոր կապեր, ինչը հուշում է ամուր դաշնակցային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին՝ հանուն երկու ժողովուրդների, երկրների ու հավատի։
Ըստ բանախոսի` ներկայում բարդ, փաստացի ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ ռուս խաղաղապահները։
«Միանշանակ է, որ այսօր մենք պետք է բարիկադների նույն կողմում լինենք»,- եզրափակել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։