Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու, ի տարբերություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չի քննադատում Մոսկվային այն բանի համար, որ Արցախն այսքան օր շրջափակման մեջ է։
«Ես ձեզ խորհուրդ կտայի գալ այստեղ մեզ մոտ։ Եվ դուք կհասկանաք, թե ինչ է զգում, երբ շրջապատված եք 10 միլիոն բնակչություն ունեցող պետությամբ, շատ փողերով և զենքով: Իսկ մենք ընդամենը 120 հազար ենք, որից 30 հազարը երեխաներ են, որոնց պետք է փրկել։ Եվ ընդամենը 2000 ռուս խաղաղապահներ», – հայտարարել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ խաղաղապահներն ընդամենը 2000 են, և նրանք զենքի օգտագործման սահմանափակ մանդատ ունեն։ «Ճանապարհը փակել են էկոակտիվիստները, ֆորմալ քաղաքացիական անձինք։ Մենք (Ադրբեջանի հետ) ունենք 540 կմ սահման, որը նույնպես պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ խաղաղապհների ուժերը շատ քիչ են։ Նրանք թեթև սպառազինությամբ են զինված և կրակելու իրավունք չունեն։ Ինչպես ցանկացած խաղաղապահների համար, նրանց համար էլ շատ դժվար է միջամտել երկու (պատերազմող) կողմերի հակամարտությանը», – պարզաբանել է Արցախի պետնախարարը։
Ճշտող հարցին, թե Հայաստանի, հատկապես Փաշինյանի հետ հարաբերությունները գնալով ավելի «թունավոր» են դառնում, Վարդանյանը պատասխանել է, որ տեղյակ չէ։ «Մեր երկրում գլխավոր մարդը նախագահն է, և նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Սա սպեկուլյացիա է, ես չեմ կարծում, որ իմաստ ունի քննարկել կամ հղում անել որոշակի զրույցների», – նշել է նա։
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նա նշել է, որ փաստաթղթում զինվորականների թիվը սահմանափակվել է ադրբեջանական կողմից։ «Այսօր մենք հետևում ենք մի փաստաթղթի, որն Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։ Որովհետև մեզ երաշխավորում էին բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար՝ առանց որևէ վերահսկողության։ Եվ հիմա դա ամբողջությամբ խախտված է», – ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: