Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է երեկվա որոշումներին: Իր Facebook-յան էջում նա նշել է, որ կարևորում է թափանցիկության սկզբունքը:
Անդրադառնալով Արցախի քաղաքական համակարգին՝ նա մասնավորապես նշել է, որ Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։
«Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա: Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը»,-մասնավորապես նշել է Վարդանյանը:
Խոսելով նախարարների հրաժարականի մասին՝ նա նշել է.
«Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ-որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն։ Երբ աղետի հետևանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու և մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք»:
Նա նշել է, որ հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու և նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու» հարցը:
«Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն և խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։ Այս ճակատը ենթադրում է բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։ Ճիշտ ձևավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարևոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության և զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։ Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Արցախում պաշտոնից 9 նախարար է ազատվել:
Ռուբեն Վարդանյանն ավելի վաղ նշանակվել է ԱՀ պետական նախարար։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: