Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մաիսն
հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: