Հրապարակվել են Լաչինի միջանցքը շրջանցող նոր ավտոճանապարհի լուսանկարները։ Լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է Ադրբեջանի պետական ավտոմոբիլային գործակալությունը։
Հաղորդվում է, որ նոր ճանապարհի երկարությունը 32 կմ է։ Նախագծի համաձայն՝ երկկողմանի ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7 մետր, ճանապարհի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 2×2,5 (5 մ):
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման մասին լուրերը: Այս հարցով գերատեսչությանը դիմել է News.am գործակալությունը և նշել է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը:
«Ելնում ենք նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցերում պետք է հստակ հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթներին»,– ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում:
ԱԳՆ-ը հիշեցրել է, որ նշված կետում նախատեսվում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»:
«Երբ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,– հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:










