ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ շատերը լավ չեն պատկերացնում, թե տարածքային և ռազմավարական առումով ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։
«Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում կամ սկզբունքային կետ միայն Փառուխ գյուղը, բայց ռազմավարական առումով Քարագլխի լեռնաշղթայի տարբեր հատվածներ անգամներով ավելի մեծ սպառնալիք են ստեղծում, քան բուն Փառուխը»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը բացատրել է, որ ադրբեջանցիները Փառուխն օգտագործել են որպես անցման գոտի, իսկ ներխուժումից անմիջապես հետո շրջանցիկ ճանապարհներ են կառուցել, որի նպատակը Քարագլխի տարբեր հատվածները հասնելն է, դիրքավորվելը, ամրանալը, անխափան մատակարարումներ ապահովելն ու դրանից հետո Արցախի կենսունակության համար նոր խնդիրներ ստեղծելը։
«Եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։
Առանց այդ էլ Արցախն այս կարգավիճակով և դիրքով լրջագույն խնդիրներ ուներ, Ադրբեջանն իր նոր օպերացիայի միջոցով նոր՝ շատ ավելի ծանր վիճակ է ստեղծել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։