Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից նոր սպառնալիքների վերաբերյալ հայտարարություններին, ասել է, որ եթե Թեհրանի նկատմամբ ագրեսիան կրկնվի, հանդես կգան ավելի վճռական պատասխանով, հայտնել է IRNA գործակալությունը:
«Իրանցիները երբեք չեն խոնարհվել օտարների առաջ և արձագանքում են միայն հարգանքի լեզվին»,- նշել է նա:
Արտգործնախարարը շեշտել է, որ հարձակողական գործողությունների դեպքում Իրանն առանց վարանելու ավելի վճռական պատասխան կտա:
«Ավելի քան մեկ միլիոն իրանցի կենսական բժշկական ռադիոիզոտոպների կարիք ունի, որոնք արտադրվում են Թեհրանի Հետազոտական ռեակտորում՝ ամերիկյան սարքավորմամբ և սնուցվող 20 տոկոս հարստացված ուրանի միջոցով։ Իրանը նաև հարստացում է իրականացնում՝ իր աճող ատոմային էլեկտրակայաններին վառելիք մատակարարելու համար»,- ասել է Արաղչին։
ԱՄՆ-ն և Իրանը հինգ փուլով բանակցություններ էին անցկացրել մինչև հունիսյան օդային հարվածներն Իսրայելի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ հարվածները «ոչնչացրել են» Իրանի միջուկային ծրագիրը, սակայն NBC News-ը վկայակոչել էր ամերիկյան պաշտոնյաների գնահատականը, ըստ որի՝ թիրախավորված երեք օբյեկտից միայն մեկն է զգալիորեն վնասվել։
Իրանը շարունակաբար հերքում է միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենալը՝ պնդելով, որ ծրագիրը խաղաղ, քաղաքացիական բնույթ է կրում։