«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայից և Մոսկվա ուղղությամբ ավելի քան 40 չվերթ է չեղարկել՝ տեղեկատվական համակարգերում տեղի ունեցած խափանման պատճառով, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, չեղարկվել են չվերթեր Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ և մի շարք այլ ուղղություններով։
«Չեղարկված չվերթերի ուղևորները կարող են դիմել «Շերեմետևո» օդանավակայանի ուղեբեռի ստացման սրահ՝ նախկինում ձևակերպված ուղեբեռը վերցնելու համար։ Հերթերից խուսափելու նպատակով խնդրում ենք հնարավորինս արագ լքել «Շերեմետևո» օդանավակայանը»,- հավելել են ընկերությունից։
«Աէրոֆլոտ»-ում նշել են, որ չեղարկված չվերթերի ուղևորներին հասանելի է տոմսի գումարի վերադարձը կամ վերամշակումը առաջիկա 10 օրվա ընթացքում։
«Նշում ենք, որ օդանավակայանի տոմսարկղերը ժամանակավորապես չեն իրականացնում վերադարձ կամ վերամշակում։ Գործակալից գնված տոմսի վերադարձը կամ վերամշակումը պետք է կատարել գնման վայրում»,- ասված է հայտարարությունում։
Ավիաընկերությունն առավոտյան տեղեկացրել էր, որ տեղեկատվական համակարգերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ Սպասվում են տեխնիկական խնդիրներ ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաև հնարավոր են չվերթերի ժամանակացույցի հարկադիր փոփոխություններ, այդ թվում՝ տեղափոխումներ կամ չեղարկումներ։