Արևմուտքն ընթացիկ տարվա աշնանը Վրաստանում կայանալիք ՏԻՄ ժամանակ կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը երկրում, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք արդեն տեսնում ենք առաջին նշանները, որ դրսից ապակայունացման փորձ կա։ Բրյուսելի որոշ քայլեր մեզ հուշում են, որ դրսից փորձ է լինելու ապակայունացնել երկիրը։ Ինչպես տեսանք նախորդ ընտրություններում, կարծում եմ, այս դեպքում էլ փորձեր կլինեն նման նամակների և բանաձևերի կիրառմամբ ապակայունացում հրահրել», – հայտարարել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին նշել է, որ Արևմուտքի որոշ քաղաքական խմբեր հետաքրքրություն ունեն Վրաստանում իշխանության բերել «իրենց խամաճիկներին»: «Այդ կինոն մենք արդեն տեսել ենք», – հավելել է նա:
Ավելի վաղ հեռուստաալիքը հրապարակել էր Եվրահանձնաժողովի նամակը, որն ուղղված էր Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիին: Նամակում խոսվում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից Վրաստանի զրկվելու ռիսկի մասին, եթե Եվրահանձնաժողովի հանձնարարականները չկատարվեն։ Նամակում նշված ութ հանձնարարականների թվում են Օտարերկրյա գործակալների մասին և ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքների չեղարկումը, որոնք ընդունվել են անցյալ տարի: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ մտադիր չեն չեղարկել ընդունված օրենքները և Եվրահանձնաժողովի նամակն անվանել են հերթական շանտաժ:
Վրաստանում հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն։ Ընդդիմության մեծ մասը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ չի ճանաչում անցած տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
2024 թվականին Վրաստանում մի քանի փուլով բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։ Գարնանը անկարգությունները կապված էին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման, հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, իսկ նոյեմբերի վերջին և դեկտեմբերին՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը սառեցնելու իշխանությունների որոշման հետ։ Ամեն օր Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բախումներ էին տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև։ Հետագայում հանրահավաքները դարձան սակավամարդ ու խաղաղ։