Ռուսաստանի արտգործնախարարությունն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին առավելագույն զգուշության և շրջահայացության կոչ է արել:
Գերատեսչությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Ադրբեջան մեկնելու նպատակահարմարության հարցը դիտարկելիս հաշվի առնել այդ երկրում տիրող իրավիճակը: ԱԳՆ-ն նաև հորդորել է խնդիրների առաջացման դեպքում անհապաղ կապ հաստատել Բաքվում ՌԴ դեսպանատան հետ:
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ այդ պնդումները «ոչ մի հիմք չունեն»։
Վերջին մի քանի օրերի ընթացքում երկու երկրների հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում տեղի ունեցած հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Բաքվում ձերբակալվել են նաև ռուս լրագրողներ, ինչն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու պատճառ էր դարձել: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։