Ադրբեջանի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրում մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք նախատեսվում էր անցկացնել պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից՝ Ռուսաստանի մասնակցությամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը:
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզում «էթնիկ պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված կանխամտածված սպանությունների և բռնությունների կապակցությամբ»:
Հունիսի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել Ռուսաստանին Եկատերինբուրգում տեղի ունեցած ռեյդերի պատճառով, ինչի արդյունքում 9 ադրբեջանցի էր ձերբակալվել: Գերատեսչությունը հայտնել էր երկու ադրբեջանցու զոհվելու և վիրավորների մասին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից հայտնել էին, որ ձերբակալություններն իրականացվել են հին քրեական գործերի հետաքննության շրջանակներում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի չեղարկման մասին: