2026 թվականի հունվարի 1-ից ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզու, Ռուսաստանի պատմության և ռուսական օրենսդրության հիմունքների քննություններն օտարերկրյա քաղաքացիների համար կանցկացվեն բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ, ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին:
Նրա խոսքով՝ ներկայում փորձնական շահագործման փուլում է գտնվում թվային հարթակ, որը մշակվել է Տոմսկի պետական համալսարանի և Yandex ՏՏ ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում։ Հարթակն արդեն կիրառվում է Սիբիրյան դաշնային շրջանի տարածաշրջաններում, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում և այլ վայրերում։
«Շարժվում ենք դեպի նրան, որ գնահատումն իրականացվի արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով՝ բացառելով մարդկային գործոնը»,- նշել է Մոգիլևսկին և հավելել, որ համակարգն արդեն ապահովում է բանավոր պատասխանների գնահատման 87 տոկոս ճշգրտություն։
Ըստ ՌԴ Գերագույն դատարանի կազմում գործող Դատական վարչության տվյալների՝ Ռուսաստանում 2024 թվականին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: