Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ հենց Իրանն է խոչընդոտել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը, որը պետք է Նախիջևանը Հայաստանի տարածքով կապեր Ադրբեջանի հետ, հաղորդում է Tasnim-ը։
««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նախագիծն իրականում կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական ճանապարհի փակում, ինչին Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։
Նա հիշեցրել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ հենց Իրանի գործողություններն են խոչընդոտել միջանցքի ծրագրերի իրականացմանը։ Այս դեպքը, նրա խոսքով, «ցույց է տալիս տարածաշրջանային հիմնական գործընթացների վրա ազդելու Իրանի կարողությունը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին հայտարարել էր` Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։ Նրա կարծիքով՝ այս նախագիծը կծառայի «տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Ադրբեջանի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով ճանապարհ ապահովելու» պահանջին, առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ուղիների վերաբերյալ։