Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Թբիլիսիի նկատմամբ արևմտյան երկրների ճնշումն ուժեղացել է, իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Նրա խոսքով՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի որոշ կառույցներ փորձել են Վրաստանին ներքաշել հակամարտության մեջ։
«Երբ պատերազմն սկսվեց, դա դարձավ այն գործոններից մեկը, որը նպաստեց մեզ վրա որոշ եվրոպացի և ամերիկացի ներկայացուցիչների կողմից գործադրվող ճնշման ուժեղացմանը։ Վրաստանին առաջարկվում էր մասնակցել պատերազմին։ Այս առաջարկն արվել էր ոչ պաշտոնապես»,- նշել է Կավելաշվիլին՝ ընդգծելով, որ Վրաստանը հենց սկզբից պահել է չմիջամտելու դիրքորոշում։
Նախագահը չի բացահայտել այդ առաջարկների մանրամասները։ Կավելաշվիլին նաև նշել է, որ թեև Վրաստանն ստացել է ԵՄ-ին միանալու թեկնածու երկրի կարգավիճակ, միությունն անարդար վերաբերմունք է ցուցաբերում Թբիլիսիի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք նախկինում աջակցում էին Վրաստանի ինքնիշխանությանը, սկսել են երկակի ստանդարտներ կիրառել, ինչն սպառնում է պետության տարածքային ամբողջականությանը։
Փետրվարին Կավելաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմի սկսումից հետո արևմտյան քաղաքական գործիչները ճնշում էին գործադրում Թբիլիսիի վրա՝ Վրաստանից պահանջելով մասնակցել Ռուսաստանի դեմ հակամարտությանը։
Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2024թ․ դեկտեմբերի 14-ին անցկացված ընտրություններից հետո՝ փոխարինելով Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։