Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Անթալիա, որի շրջանակում հանդիպել են (6-րդ անգամ-խմբ․) Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, X-ում հայտնել է Ռուբինյանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին լավ քննարկում է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը։
Քըլըչն, իր հերթին, «շատ լավ և արդյունավետ» է որակել հանդիպումը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու։
Միրզոյանը և Ռուբինյանը մասնակցելու են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է ապրիլի 11-13-ը։ ՀՀ ԱԳՆ-ից ապրիլի 9-ին Armenia Today-ին հաստատել էին Միրզոյանի մասնակցությունը։
Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել 2024-ի հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի Ռուբինյանը հայտնել էր Հայաստան-Թուրքիա սահմանին նոյեմբերին երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման մասին։